Փաստաթղթեր

Ցեղասպանության մասին կոնվենցիա, 1948

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈւ ԵՎ ՊԱՏԺԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հաստատվել է և առաջարկվել է ստորագրության, վավերացման և մասնակցության ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948 թ. Բանաձևով,

Ուժի մեջ է մտել 1951 թ. հունվարի 12-ին

Պայմանավորվող կողմերը,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն,

ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և

համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն.
սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ.

ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից` կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար:

ՀՈԴՎԱԾ 2
Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
(ա) այդ խմբի անդամների սպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

ՀՈԴՎԱԾ 3
Պատժելի են հետևյալ արարքները`
(ա) ցեղասպանությունը,
(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,
(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,
(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,
(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ:

ՀՈԴՎԱԾ 4
Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի` անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք:

ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իրենց սահմանադրություններին համապատասխան անհրաժեշտ օրենսդրություն և, մասնավորապես, սահմանել արդյունավետ պատժամիջոցներ ցեղասպանության մեջ կամ 3-րդ հոդվածում նշված մյուս արարքներից որևէ մեկում մեղավոր անձանց համար:

ՀՈԴՎԱԾ 6
Այն անձինք, որոնք մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն Կոնվենցիայի` այդ իրավազորությունը ճանաչած կողմերի նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 7
Ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված մյուս արարքները հանձնման նպատակների համար չեն դիտվում որպես քաղաքական հանցագործություններ:
Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հանձնումն իրականացնել իրենց օրենսդրության և գործող պայմանագրերի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 8
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար:

ՀՈԴՎԱԾ 9
Պայմանավորվող կողմերի միջև վեճերը` կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:

ՀՈԴՎԱԾ 10
Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրված է 1948 թ. դեկտեմբերի 9-ին:

ՀՈԴՎԱԾ 11
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման մինչև 1949 թ. դեկտեմբերի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի և Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետության համար, որն ստացել է Գլխավոր ասամբլեայի հրավերը` ստորագրելու Կոնվենցիան:
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
1950 թ. հունվարի 1-ից սկսած սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ և այդ Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որն ստացել է վերոհիշյալ հրավերը: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

ՀՈԴՎԱԾ 12
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այն բոլոր տարածքների կամ ցանկացած տարածքի նկատմամբ, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

ՀՈԴՎԱԾ 13
Այն օրը, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ են հանձնվում վավերացման և միանալու մասին առաջին քսան փաստաթղթերը, Գլխավոր քարտուղարը պատրաստում է արձանագրություն, որի պատճեններն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և անդամ չհանդիսացող բոլոր այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածում:
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը` հաշված վավերացման կամ միանալու քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից:
Դրանից հետո կատարված ցանկացած վավերացում կամ միանալ ուժի մեջ է մտնում վավերացման և միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

ՀՈԴՎԱԾ 14
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է 10 տարի` սկսած նրա ուժի մեջ մտնելու օրվանից:
Հաջորդ հնգամյակներում Կոնվենցիան ուժի մեջ է մնում այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք այն չեղյալ չեն հայտարարում նրա ուժի մեջ լինելու ընթացիկ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ: Չեղյալ հայտարարելը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 15
Եթե չեղյալ հայտարարելու հետևանքով սույն Կոնվենցիայի մասնակիցների թիվը տասնվեցից նվազի, Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը վերջին չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը:

ՀՈԴՎԱԾ 16
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ներկայացնել սույն Կոնվենցիան վերանայելու պահանջ` Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով:
Գլխավոր ասամբլեան որոշում է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել նման պահանջի առնչությամբ, եթե դրանց կիրառումն անհրաժեշտ է համարում:

ՀՈԴՎԱԾ 17
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածում, ծանուցում է.
(ա) 11-րդ հոդվածին համապատասխան ստացված ստորագրման, վավերացման և միանալու մասին փաստաթղթերի վերաբերյալ,
(բ) 12-րդ հոդվածին համապատասխան ստացված բոլոր ծանուցումների մասին,
(գ) սույն Կոնվենցիայի` 13-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու մասին,
(դ) 14-րդ հոդվածին համապատասխան ստացված չեղյալ հայտարարումների մասին,
(ե) Կոնվենցիան 15-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին,
(զ) 16-րդ հոդվածին համապատասխան ստացված ծանուցումների մասին:

ՀՈԴՎԱԾ 18
Սույն Կոնվենցիայի բնօրինակը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ: Կոնվենցիայի վավերացված պատճեններն ուղարկվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածով:

ՀՈԴՎԱԾ 19
Սույն Կոնվենցիան գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը` նրա ուժի մեջ մտնելու օրը:

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 23-ից:

ՄԱԿ Գլխավոր ասամբելայի բանաձև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օվա մասին

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

69/323. Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր

Գլխավոր ասամբլեան,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով , «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով  և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով իր՝ 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I), 1948 թվականի դեկտեմբերի 9-ի 260 A (III) և 1998 թվական  ի դեկտեմբերի 2-ի 53/43 բանաձևերը և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում ընդունված մյուս համապատասխան բանաձևերը, որոնք նպաստել են ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանն ու զարգացմանը,

վկայակոչելով նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ՝ Մարդու իրավունքների խորհրդի 2008 թվականի մարտի 28-ի 7/25 , 2013 թվականի մարտի 22-ի 22/22  և 2015 թվականի մարտի 27-ի 28/34 բանաձևերը,

վերահաստատելով 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ,

ընդունելով, որ Կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության զոհերը և ցեղասպանության հանցագործությունից տուժած այլ անձինք այս մասին հիշատակելու կոչ են անում, ինչը կարևոր դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում,

վերահաստատելով յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում և այն փաստը, որ ցեղասպանության հանցագործության անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է այն կանխարգելելու համար,

վերահաստատելով իր՝ Միջազգային տարիներ հռչակելու վերաբերյալ 1998 թվականի դեկտեմբերի 15-ի 53/199 և 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 61/185 բանաձևերը, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի՝ 1980 թվականի հուլիսի 25-ի Միջազգային տարիների և հիշատակի օրերի վերաբերյալ 1980/67 բանաձևը, մասնավորապես, դրանք հռչակելու համաձայնեցված չափորոշիչների վերաբերյալ հավելվածի 1-10-րդ պարբերությունները, ինչպես նաև 13-րդ և 14-րդ պարբերությունները, որտեղ նշվում է, որ միջազգային օր կամ տարի չպետք է հռչակվի, քանի դեռ դրա կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հիմնական միջոցառումները չեն իրականացվել.

1.Որոշում է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

2.Հորդորում է Անդամ և դիտորդ հանդիսացող բոլոր պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի բոլոր կազմակերպություններին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին և անհատներին հետևել Միջազգային օրվան՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի2 և Կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և կանխարգելման գործում դրա դերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, և բարձր պահել զոհերի հիշատակն ու պատիվը.

3.Շեշտում է այն փաստը, որ սույն բանաձևի իրականացումից բխող բոլոր գործողությունների հետ կապված ծախսերը պետք է կատարվեն կամավոր վճարումների հաշվին.

4.Խնդրում է Գլխավոր քարտուղարին սույն բանաձևը ներկայացնել բոլոր Անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուշադրությանը՝ պատշաճ ձևով հետևելու համար։

103-րդ լիագումար նիստ
2015 թվականի սեպտեմբերի 11

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2018

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

Մարդու իրավունքների խորհուրդ
37-րդ նստաշրջան

2018 թվականի փետրվարի 26-ից մարտի 23-ը
Օրակարգի 3-րդ հարց

Մարդու իրավունքների խորհրդի՝ 2018 թվականի մարտի 23-ին ընդունած բանաձև
 

37/26․ Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իր՝ 2008 թվականի մարտի 28-ի 7/25, 2013 թվականի մարտի 22-ի 22/22 և 2015 թվականի մարտի 27-ի 28/34 բանաձևերը,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի յոթանասուներորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս անդամ պետություններին և միջազգային համայնքին` Կոնվենցիայի կարևորությունը վերահաստատելու և շարունակելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելուն և պատժելուն ուղղված իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար,

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

դատապարտելով ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը և ընդգծելով Պետությունների՝ համապատասխան միջազգային փաստաթղթերի համաձայն անպատժելիությանը վերջ դնելու և այդ նպատակով ցեղասպանության, մարդկության դեմ ուղղած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների կամ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ կամ պարբերաբար կատարվող այլ խախտումների համար պատասխանատու անձանց մանրամասն քննելու և քրեական հետապնդման ենթարկելու իրենց պարտականությունները կատարելու պատասխանատվությունը՝ դրանց կրկնությունից խուսափելու և կայուն խաղաղություն, արդարադատություն, ճշմարտություն և հաշտեցում պահանջելու նպատակով, և այս առնչությամբ շեշտելով նաև ազգային դատական մարմինների կարողությունները և ներպետական համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը,
ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների և միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են Կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

շեշտելով ցեղասպանության կանխարգելման գործում ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու կարևորությունը, ինչպես նաև շեշտելով, որ այդ հանցագործությունը կատարողները պետք է ազգային կամ միջազգային մակարդակով ենթարկվեն քրեական պատասխանատվության,

ընդունելով Ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի կատարած աշխատանքը և անցումային արդարադատության նկատմամբ համալիր մոտեցման շնորհիվ մարդու իրավունքների կոպիտ և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները կանխելու հարցում այդ աշխատանքի դրական ազդեցությունը,

ընդունելով նաև Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վերաբերյալ զեկույցները1 և պետություններին հորդորելով համագործակցել Ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ,

հորդորելով պետություններին համապատասխան միջոցներով նպաստել ճշմարտության հաստատմանը՝ որպես անպատժելիության դեմ պայքարի կարևոր տարր, ինչպես նաև հաշվետվողականության խթանմանը՝ որպես ցեղասպանության կանխարգելման և համապարփակ հաշտեցման գործընթացի մաս,

գիտակցելով, որ ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր գործոն է համարվում ցեղասպանության հիմքում ընկած արմատական պատճառների, ինչպես նաև վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերումը,

մտահոգությամբ նշելով, որ Կոնվենցիայով սահմանվածի համաձայն և միջազգային իրավունքով որպես ցեղասպանություն սահմանված հանցագործությունը մերժելու կամ արդարացնելու փորձերը կարող են անպատժելիության դեմ պայքարը, հաշտեցումը և ցեղասպանությունը կանխարգելելու ջանքերը խոչընդոտելու վտանգ պարունակեն,

ընդգծելով այն փաստը, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների դեպքերին արձագանքելու ռազմավարությունները, քաղաքականությունները և միջոցառումները ծրագրելիս ու կազմակերպելիս պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր իրավիճակի հատուկ համատեքստը՝ նպատակ ունենալով կանխելու հանցագործությունների և հետագա խախտումների կրկնությունը,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի կողմից լիազորված է եղել մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

նշելով Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի, ինչպես նաև Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված՝ վայրագությունների վերլուծության շրջանակի մասին՝ որպես ցանկացած իրավիճակում ցեղասպանության ռիսկերի գնահատման գործիքներից մեկը, և հորդորելով Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքներում համապատասխան շրջանակներն օգտագործել որպես ուղեցույց,

վկայակոչելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի2 և Հատուկ խորհրդականի գործունեության3 իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցների ներկայացումը, ինչպես նաև Խորհրդի երրորդ, յոթերորդ, տասներորդ, քսանհինգերորդ և երեսունմեկերորդ նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող հինգ ինտերակտիվ երկխոսությունների կազմակերպումը,

վկայակոչելով 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը,

ընդունելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով պայմանավորվածությունների կարևոր դերը ցեղասպանության կանխարգելման գործում, ինչպես նաև արձագանքն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության և այս առնչությամբ նշելով Մեծ լճերի տարածաշրջանի վերաբերյալ միջազգային համաժողովի միջոցով՝ Ցեղասպանության հանցագործությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և խտրականության բոլոր ձևերը կանխարգելելու և պատժելու հարցերով տարածաշրջանային կոմիտե ստեղծելու մասին, ինչպես նաև Համաժողովի անդամ պետությունների կողմից համապատասխան ազգային կոմիտեներ ստեղծելու, Լատինական Ամերիկայի՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման ցանցի, Եվրոպական Միության՝ ցեղասպանության հարցերով ցանցի, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին,

ընդունելով նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումների հաջող արդյունքները. առաջինը՝ Բուենոս Այրեսում, 2008 թվականի դեկտեմբերի 10-12, երկրորդը՝ Արուշայում, 2010 թվականի մարտի 3-5, երրորդը՝ Բերնում, 2011 թվականի ապրիլի 4-6, և չորրորդը՝ Ֆնոմ Պենում, 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 1, և նշելով Զանգվածային վայրագություններով ուղեկցվող հանցագործությունների դեմ ուղղված համաշխարհային գործողության շրջանակներում՝ 2014 թվականի մարտի 4-6-ը Սան Խոսեում անցկացված առաջին, և 2016 թվականի փետրվարի 2-4-ը Մանիլայում անցկացված երկրորդ միջազգային հանդիպման մասին,

այնուհետև ընդունելով, որ ցեղասպանության հանցագործության զոհերը և ցեղասպանության հանցագործությունից տուժած այլ անձինք, ինչպես սահմանված է Կոնվենցիայով, այս մասին հիշատակելու կոչ են անում, ինչը կարևոր դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ:

2. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում:

3. Հորդորում է Անդամ պետություններին ցեղասպանությունը կանխարգելելու համար զարգացնել իրենց կարողությունները՝ անհատական փորձ ձեռք բերելու և կանխարգելմանն ուղղված գործունեությունն ամրապնդելու համար կառավարություններում համապատասխան գերատեսչություններ ստեղծելու միջոցով։

4. Հորդորում է Պետություններին դիտարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով այնպիսի համակարգման կենտրոնների նշանակման հարցը, որոնք կարող են համագործակցել, տեղեկություններ ու լավագույն գործելակերպեր փոխանակել ինչպես միմյանց, այնպես էլ Ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ:

5. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան, և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան Մարդու իրավունքների խորհրդի կողմից իր 28/34 բանաձևն ընդունելուց հետո, մասնավորապես՝ Բենինին, Մալավիին և Տաջիկստանին.

6. Ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի կողմից՝ «Ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունիններորդ տարելիցին և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը Կոնվենցիայի համընդհանուր վավերացում պահանջելու գործընթացի մեկնարկը.

7. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին:

8. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանը ընդլայնված միջազգային համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով:

9. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող արդեն առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում, կարող են հանգեցնել ցեղասպանության։

10. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջվում է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որը, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը:

11. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

12. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության:

13. Վերահաստատում է համընդհանուր պարբերական վերանայման իր մեխանիզմի կարևորությունը, որը կարևոր գործիք է մարդու իրավունքների զարգացման համար, ինչպես նաև խնդրում է պետություններին, անհրաժեշտության դեպքում, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկությունները ներառել իրենց ազգային զեկույցներում։

14. Կոչ է անում բոլոր պետություններին իրականացնել համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում ընդունված՝ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ առաջարկությունները:

15. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին, ինչպես նաև շարունակել համագործակցությունը համապատասխան միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային կառույցների և քաղաքացիական հասարակության հետ:

16. Վերահաստատում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք իրավաբանական գործոնները և այն հնարավոր նախազգուշական նշաններն են, որոնք, ի թիվս այլնի, ներկայացված են Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցում և Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի և Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի՝ վայրագությունների վերլուծությունների շրջանակում, ինչպես օրինակ՝ ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ինչպես նաև ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչության տարածման դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում:

17. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, որոնք նվիրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային:

18. Առաջարկում է Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այլ տարածաշրջաններում մշակված՝ ցեղասպանության կանխարգելման լավագույն գործելակերպերի օրինակները՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային և ազգային հատուկ հանգամանքները՝ նպատակ ունենալով կանխարգելման միջոցները, այդ թվում՝ վաղ նախազգուշացման մեխանիզմները և համագործակցության ձևերն ամրապնդելու համար փոխանակել փորձն ու լավագույն գործելակերպերը:

19. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, շարունակել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին:

20. Ընդգծում է այն կարևոր դերը, որ կարող է ունենալ կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում, և այնուհետև հորդորում է Կառավարություններին անհրաժեշտության դեպքում խթանել ցեղասպանության կանխարգելմանը նպաստող կրթական ծրագրերն ու նախագծերը:

21. Նշում է ցեղասպանության կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման այլ կարողություններ ամրապնդելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից Անդամ պետություններին վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին և հորդորում է Անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում քննարկել այդպիսի աջակցություն պահանջելու հարցը:

22. Առաջարկում է պետություններին՝ որպես կանխարգելիչ միջոց նախատեսել այնպիսի համապատասխան եղանակներ, որոնք կարող են ներառել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը, ինչը կապահովի, որ այդպիսի հրեշավոր հանցագործությունները երբեք չմոռացվեն, ինչպես նաև յուրաքանչյուրի համար անցյալից դասեր քաղելու և ավելի անվտանգ ապագա կերտելու հնարավորություն կստեղծի։

23. Ողջունում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընդհանուր համաձայնությամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 11-ի 69/323 բանաձևի ընդունումը, որտեղ դեկտեմբերի 9-ը Ասամբլեայի կողմից հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

24. Խնդրում է Գլխավոր քարտուղարին, Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով գրասենյակի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների, Կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ աջակցել Միավորված ազգերի կազմակերպության կողմից Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը նշելու հաջողությունն ապահովելու հարցում, ինչպես նաև պահանջի դեպքում և 69/323 բանաձևի ֆինանսավորման վերաբերյալ դրույթներին համապատասխան՝ աջակցել Անդամ պետություններին՝ Միջազգային օրը նշելու հետ կապված միջոցառումները կազմակերպելու հարցում.

25. Առաջարկում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին շարունակել գործողություններ իրականացնել՝ իր մանդատին համապատասխան, այդ թվում՝ այս բանաձևին հաջորդող գործողություններ՝ Պետություններին իրենց պահանջի հիման վրա ուղղորդում, աջակցություն և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու միջոցով:

26. Խնդրում է Գլխավոր քարտուղարին կազմել ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգման կենտրոնների և ցանցերի ցուցակ՝ Անդամ պետություններից ստացված թարմացված տեղեկություններով:

27. Նաև խնդրում է Գլխավոր քարտուղարին պատրաստել սույն բանաձևի դրույթների կիրարկման մասին՝ Պետություններից ստացված տեղեկությունների վրա հիմնված գործողությունների իրականացման վերաբերյալ զեկույց՝ հատուկ կենտրոնանալով այն գործողությունների վրա, որոնք ուղղված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ինչպես նաև կրթական այն ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, որոնք նպաստում են ցեղասպանության կանխարգելմանը և իր քառասունմեկերորդ նստաշրջանին զեկույցը ներկայացնել Մարդու իրավունքների խորհուրդ.

28. Խնդրում է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին Մարդու իրավունքների խորհրդի երեսունիններորդ նստաշրջանին կազմակերպել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի յոթանասուներորդ տարելիցին նվիրված բարձր մակարդակի խմբային քննարկում, որին պետք է հաջորդի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ անցկացվող ինտերակտիվ երկխոսություն:

29. Նաև խնդրում է Գերագույն հանձնակատարի գրասենյակին պատրաստել բարձր մակարդակի խմբային քննարկման վերաբերյալ համառոտ զեկույց և իր քառասուներորդ նստաշրջանին այն ներկայացնել Մարդու իրավունքների խորհուրդ:

30. Որոշում է շարունակել այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

55-րդ հանդիպում
23 մարտի 2018

[Ընդունվել է առանց քվեարկության]

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2015

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

A/HRC/RES/28/34

Մարդու իրավունքների խորհուրդ
28-րդ նստաշրջան
Օրակարգի 3-րդ հարց
Մարդու բոլոր իրավունքների, քաղաքացիական,
քաղաքական, տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքների, այդ թվում՝ զարգանալու
իրավունքի խթանում և պաշտպանություն

Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձև.

28/34. Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իր՝ 2008 թվականի մարտի 28-ի 7/25 և 2013 թվականի մարտի 22-ի 22/22 բանաձևերը,
վերահաստատելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար նախատեսված միջազգային արդյունավետ փաստաթուղթ, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին, և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար:

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

դատապարտելով ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը և ընդգծելով Պետությունների՝ համապատասխան միջազգային փաստաթղթերի համաձայն անպատժելիությանը վերջ դնելու և այդ նպատակով ցեղասպանության, մարդկության դեմ ուղղած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների կամ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ կամ պարբերաբար կատարվող այլ խախտումների համար պատասխանատու անձանց մանրամասն քննելու և քրեական հետապնդման ենթարկելու իրենց պարտականությունները կատարելու պատասխանատվությունը՝ դրանց կրկնությունից խուսափելու և կայուն խաղաղություն, արդարադատություն, ճշմարտություն և հաշտեցում պահանջելու նպատակով, և այս առնչությամբ շեշտելով նաև ազգային դատական մարմինների կարողությունները և ներպետական համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը,
ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների և միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են Կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

շեշտելով ցեղասպանության կանխարգելման գործում ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու կարևորությունը, ինչպես նաև շեշտելով, որ այդ հանցագործությունը կատարողները պետք է ազգային կամ միջազգային մակարդակով ենթարկվեն քրեական պատասխանատվության,

ընդունելով ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի կատարած աշխատանքը, և անցումային արդարադատության նկատմամբ համալիր մոտեցման շնորհիվ մարդու իրավունքների կոպիտ և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները կանխելու հարցում այդ աշխատանքի դրական ազդեցությունը,

ընդունելով նաև Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վերաբերյալ զեկույցները  և պետություններին հորդորելով համագործակցել Ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ,

հորդորելով պետություններին համապատասխան միջոցներով նպաստել ճշմարտության հաստատմանը՝ որպես անպատժելիության դեմ պայքարի կարևոր տարր, ինչպես նաև հաշվետվողականության խթանմանը՝ որպես ցեղասպանության կանխարգելման և համապարփակ հաշտեցման գործընթացի մաս,

գիտակցելով, որ ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր գործոն է համարվում ցեղասպանության հիմքում ընկած արմատական պատճառների, ինչպես նաև վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերումը,

մտահոգությամբ նշելով, որ Կոնվենցիայով սահմանվածի համաձայն և միջազգային իրավունքով որպես ցեղասպանություն սահմանված հանցագործությունը մերժելու կամ արդարացնելու փորձերը կարող են անպատժելիության դեմ պայքարը, հաշտեցումը և ցեղասպանությունը կանխարգելելու ջանքերը խոչընդոտելու վտանգ պարունակեն,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի կողմից լիազորված է եղել մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

նշելով Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի, ինչպես նաև Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված՝ վայրագությունների վերլուծության նոր շրջանակի մասին՝ որպես ցանկացած իրավիճակում ցեղասպանության ռիսկերի գնահատման գործիքներից մեկը, և հորդորելով Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքներում համապատասխան շրջանակներն օգտագործել որպես ուղեցույց,

գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի  և Հատուկ խորհրդականի գործունեության  իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցները ներկայացնելու, ինչպես նաև Խորհրդի երրորդ, յոթերորդ, տասներորդ և քսանհինգերորդ նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող չորս ինտերակտիվ երկխոսություններ կազմակերպելու մասին,

վկայակոչելով 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը,

ողջունելով իր 25-րդ նստաշրջանին՝ Անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների, գործակալությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունհինգերորդ տարելիցին նվիրված բարձր մակարդակի խմբային քննարկումը,

նշելով Հատուկ խորհրդականի մանդատի ստեղծման տասներորդ տարելիցին նվիրված՝ իր 25-րդ նստաշրջանի ընթացքում անցկացված ինտերակտիվ երկխոսության մասին,
ընդունելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով պայմանավորվածությունների կարևոր դերը ցեղասպանության կանխարգելման գործում, ինչպես նաև արձագանքը այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության և այս առնչությամբ նշելով Մեծ լճերի տարածաշրջանի վերաբերյալ միջազգային համաժողովի միջոցով՝ Ցեղասպանության հանցագործությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և խտրականության բոլոր ձևերը կանխարգելելու և պատժելու հարցերով տարածաշրջանային կոմիտե ստեղծելու մասին, ինչպես նաև Համաժողովի անդամ պետությունների կողմից համապատասխան ազգային կոմիտեներ ստեղծելու, Լատինական Ամերիկայի՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման ցանցի, Եվրոպական Միության՝ ցեղասպանության հարցերով ցանցի, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին,

ընդունելով նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումների հաջող արդյունքները. առաջինը՝ Բուենոս Այրեսում, 2008 թվականի դեկտեմբերի 10-12, երկրորդը՝ Արուշայում, 2010 թվականի մարտի 3-5, երրորդը՝ Բերնում, 2011 թվականի ապրիլի 4-6, և չորրորդը՝ Ֆնոմ Պենում, 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 1, և նշելով Զանգվածային վայրագություններով ուղեկցվող հանցագործությունների դեմ ուղղված համաշխարհային գործողության շրջանակներում՝ 2014 թվականի մարտի 4-6-ը Սան Խոսեում անցկացված առաջին միջազգային հանդիպման մասին,

այնուհետև ընդունելով, որ ցեղասպանության հանցագործության զոհերը և ցեղասպանության հանցագործությունից տուժած այլ անձինք, ինչպես սահմանված է Կոնվենցիայով, այս մասին հիշատակելու կոչ են անում, ինչը կարևոր դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ։

2. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում։

3. Հորդորում է Անդամ պետություններին ցեղասպանությունը կանխարգելելու համար զարգացնել իրենց կարողությունները՝ անհատական փորձ ձեռք բերելու և կանխարգելմանն ուղղված գործունեությունն ամրապնդելու համար կառավարություններում համապատասխան գերատեսչություններ ստեղծելու միջոցով։

4. Հորդորում է Պետություններին դիտարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով այնպիսի համակարգման կենտրոնների նշանակման հարցը, որոնք կարող են համագործակցել, տեղեկություններ ու լավագույն գործելակերպեր փոխանակել ինչպես միմյանց, այնպես էլ Ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ։

5. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան, և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան Մարդու իրավունքների խորհրդի կողմից իր 22/22 բանաձևն ընդունելուց հետո։

6. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին:

7. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանն ուղղված ընդլայնված միջազգային համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով։

8. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող արդեն առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում, կարող են հանգեցնել ցեղասպանության։

9. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջվում է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որն, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը։

10. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

11. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

12. Վերահաստատում է համընդհանուր պարբերական վերանայման իր մեխանիզմի կարևորությունը, որը կարևոր գործիք է մարդու իրավունքների զարգացման համար, ինչպես նաև խնդրում է պետություններին, անհրաժեշտության դեպքում, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկությունները ներառել իրենց ազգային զեկույցներում։

13. Կոչ է անում բոլոր պետություններին իրականացնել համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում ընդունված՝ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ առաջարկությունները։

14. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին, ինչպես նաև շարունակել համագործակցությունը համապատասխան միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային կառույցների և քաղաքացիական հասարակության հետ։

15. Վերահաստատում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք իրավաբանական գործոնները և այն հնարավոր նախազգուշական նշաններն են, որոնք, ի թիվս այլնի, ներկայացված են Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցում և Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի և Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի՝ վայրագությունների վերլուծությունների նոր շրջանակում, ինչպես օրինակ՝ ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ինչպես նաև ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչություն տարածելու դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում։

16. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, որոնք նվիրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային։

17. Առաջարկում է Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այլ տարածաշրջաններում մշակված՝ ցեղասպանության կանխարգելման լավագույն գործելակերպերի օրինակները՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային և ազգային հատուկ հանգամանքները՝ նպատակ ունենալով կանխարգելման միջոցները, այդ թվում՝ վաղ նախազգուշացման մեխանիզմները և համագործակցության ձևերն ամրապնդելու համար փոխանակել փորձն ու լավագույն գործելակերպերը։

18. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, շարունակել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին։

19. Ընդգծում է այն կարևոր դերը, որ կարող է ունենալ կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում, և այնուհետև հորդորում է Կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում խթանել ցեղասպանության կանխարգելմանը նպաստող կրթական ծրագրերն ու նախագծերը։

20. Նշում է ցեղասպանության կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման այլ կարողություններ ամրապնդելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից Անդամ պետություններին վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին և հորդորում է Անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում քննարկել այդպիսի աջակցություն պահանջելու հարցը։

21. Առաջարկում է պետություններին՝ որպես կանխարգելիչ միջոց նախատեսել այնպիսի համապատասխան եղանակներ, որոնք կարող են ներառել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը, ինչը կապահովի, որ այդպիսի հրեշավոր հանցագործությունները երբեք չմոռացվեն, ինչպես նաև յուրաքանչյուրի համար անցյալից դասեր քաղելու և ավելի անվտանգ ապագա կերտելու հնարավորություն կստեղծի։

22. Առաջարկում է, որ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի և ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և այն կանխարգելելու հարցում դրա վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

23. Առաջարկում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին շարունակել գործողություններ իրականացնել՝ իր մանդատին համապատասխան, այդ թվում՝ այս բանաձևին հաջորդող գործողություններ՝ Պետություններին իրենց պահանջի հիման վրա ուղղորդում, աջակցություն և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու միջոցով։

24. Հրավիրում է Հատուկ խորհրդականին իր 35-րդ նստաշրջանին Մարդու իրավունքների խորհրդի հետ տեղի ունեցող՝ իր պարտականությունների կատարման առաջընթացի վերաբերյալ ինտերակտիվ երկխոսությանը։

25. Խնդրում է Գլխավոր քարտուղարին կազմել ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգման կենտրոնների և ցանցերի ցուցակ՝ Անդամ պետություններից ստացված թարմացված տեղեկություններով։

26. Որոշում է շարունակել այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

59-րդ հանդիպում
2015 թվականի մարտի 27

[Ընդունվել է առանց քվեարկության]

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2013

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

A/HRC/RES/22/22

Մարդու իրավունքների խորհուրդ
22-րդ նստաշրջան
Օրակարգի 3-րդ հարց
Մարդու բոլոր իրավունքների, քաղաքացիական,
քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների,
այդ թվում՝ զարգանալու իրավունքի խթանում և պաշտպանություն

Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձև

22/22. Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով Մարդու իրավունքների խորհրդի 2008 թվականի մարտի 28-ին ընդունված՝ «Ցեղասպանության կանխարգելում» թիվ 7/25 բանաձևը,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունհինգերորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս միջազգային համայնքին` բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրելու Կոնվենցիայի կարևորության փաստի վրա և կոչ անելու նրանց կրկնապատկել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար:

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների և միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում վերջին 65 տարվա ընթացքում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

շեշտելով ցեղասպանության կանխարգելման գործում ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու կարևորությունը, ինչպես նաև շեշտելով, որ այդպիսի հանցագործություններ կատարողները պետք է ազգային կամ միջազգային մակարդակով ենթարկվեն քրեական պատասխանատվության,

ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վերաբերյալ զեկույցները  և հորդորելով պետություններին ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու հարցում համագործակցել Հատուկ զեկուցողի հետ,

հորդորելով պետություններին համապատասխան միջոցներով խթանել ճշմարտության հաստատումը՝ որպես անպատժելիության դեմ պայքարի, հաշվետվողականության խթանման կարևոր տարր՝ որպես ցեղասպանության կանխարգելման համապարփակ հաշտեցման գործընթացի մաս,

գիտակցելով, որ ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր գործոն է համարվում ցեղասպանության հիմքում ընկած պատճառների, ինչպես նաև վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերումը,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի կողմից լիազորված է եղել մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

նշելով Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված վերլուծությունների շրջանակի մասին՝ որպես ցանկացած իրավիճակում ցեղասպանության ռիսկերի գնահատման գործիքներից մեկը, և հորդորելով Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքներում համապատասխան շրջանակներն օգտագործել որպես ուղեցույց,

գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի  և Հատուկ խորհրդականի գործունեության  իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցները ներկայացնելու, ինչպես նաև Խորհրդի երրորդ, յոթերորդ և տասներորդ նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող երեք ինտերակտիվ երկխոսություններ կազմակերպելու մասին,

վկայակոչելով 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը,

ողջունելով Մարդու իրավունքների խորհրդի 7/25 բանաձևի համաձայն 2009 թվականի հունվարին կազմակերպված՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցին նվիրված սեմինարը և միավորելով պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմիններին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությանը և գիտահետազոտական մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգում առկա կանխարգելիչ ռազմավարությունները, նախաձեռնությունները և մեխանիզմները, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման գործում Անդամ պետությունների, տարածաշրջանային մարմինների և մյուս մարմինների դերը քննարկելու համար,

ընդունելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով պայմանավորվածությունների կարևոր դերը ցեղասպանության կանխարգելման գործում, ինչպես նաև արձագանքն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության և այս առնչությամբ նշելով Մեծ լճերի տարածաշրջանի վերաբերյալ միջազգային համաժողովի միջոցով՝ Ցեղասպանության հանցագործությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և խտրականության բոլոր ձևերը կանխարգելելու և պատժելու հարցերով տարածաշրջանային կոմիտե ստեղծելու մասին, ինչպես նաև Համաժողովի անդամ պետությունների կողմից համապատասխան ազգային կոմիտեներ ստեղծելու, Լատինական Ամերիկայի՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման ցանցի, Եվրոպական Միության՝ ցեղասպանության հարցերով ցանցի, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին,

ընդունելով Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ տարածաշրջանային այն ֆորումների հաջող արդյունքները, որոնցից չորսն անցկացվել են Ֆնոմ Պենում, 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 1-ը.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ։

2. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում։

3. Հորդորում է Անդամ պետություններին ցեղասպանությունը կանխարգելելու համար զարգացնել իրենց կարողությունները՝ անհատական փորձ ձեռք բերելու և կանխարգելմանն ուղղված գործունեությունն ամրապնդելու համար կառավարություններում համապատասխան գերատեսչություններ ստեղծելու միջոցով։

4. Հորդորում է Պետություններին դիտարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով այնպիսի համակարգման կենտրոնների նշանակման հարցը, որոնք կարող են համագործակցել, տեղեկություններ ու լավագույն գործելակերպեր փոխանակել ինչպես միմյանց, այնպես էլ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ։

5. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան, և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան 2008 թվականի մարտի 28-ին՝ Մարդու իրավունքների խորհրդի կողմից իր 7/25 բանաձևն ընդունելուց հետո:

6. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին:

7. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանն ուղղված ընդլայնված միջազգային այն համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով:

8. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող արդեն առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում, կարող են հանգեցնել ցեղասպանության:

9. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջված է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որը, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը:

10. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

11. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության:

12. Վերահաստատում է Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական վերանայման մեխանիզմի կարևորությունը, որը կարևոր գործիք է մարդու իրավունքների զարգացման համար, ինչպես նաև խնդրում է պետություններին, անհրաժեշտության դեպքում, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկությունները ներառել իրենց ազգային զեկույցներում։

13. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին, ինչպես նաև շարունակել համագործակցությունը համապատասխան միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային կառույցների և քաղաքացիական հասարակության հետ:

14. Վերահաստատում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք իրավաբանական գործոնները և այն հնարավոր նախազգուշական նշաններն են, որոնք, ի թիվս այլնի, ներկայացված են Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցում2 և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի վերլուծությունների շրջանակում, ինչպես օրինակ՝ ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ինչպես նաև ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչություն տարածելու դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում:

15. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, որոնք նվիրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային:

16. Առաջարկում է Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այլ տարածաշրջաններում մշակված՝ ցեղասպանության կանխարգելման լավագույն գործելակերպերի օրինակները՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային և ազգային հատուկ հանգամանքները՝ նպատակ ունենալով կանխարգելման միջոցները, այդ թվում՝ վաղ նախազգուշացման մեխանիզմները և համագործակցության ձևերն ամրապնդելու համար փոխանակել փորձն ու լավագույն գործելակերպերը:

17. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, շարունակել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին:

18. Ընդգծում է այն կարևոր դերը, որ կարող է ունենալ կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում, և այնուհետև հորդորում է Կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում խթանել ցեղասպանության կանխարգելմանը նպաստող կրթական ծրագրերն ու նախագծերը:

19. Նշում է ցեղասպանության կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման այլ կարողություններ ամրապնդելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից Անդամ պետություններին վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին և հորդորում է Անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում քննարկել այդպիսի աջակցություն պահանջելու հարցը:

20. Առաջարկում է պետություններին՝ որպես կանխարգելիչ միջոց նախատեսել այնպիսի համապատասխան եղանակներ, որոնք կարող են ներառել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը, ինչը կապահովի, որ այդպիսի հրեշավոր հանցագործությունները երբեք չմոռացվեն, ինչպես նաև յուրաքանչյուրի համար անցյալից դասեր քաղելու և ավելի անվտանգ ապագա կերտելու հնարավորություն կստեղծի:

21. Խնդրում է Գերագույն հանձնակատարին առկա ռեսուրսների շրջանակներում իր քսանհինգերորդ նստաշրջանի ընթացքում կազմակերպել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունհինգերորդ տարելիցին նվիրված բարձր մակարդակի խմբային քննարկում՝ Անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների, գործակալությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և խնդրում է նաև Գերագույն հանձնակատարի գրասենյակին պատրաստել և ներկայացնել խմբային քննարկման վերաբերյալ համառոտ զեկույց:

22. Հրավիրում է Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին իր քսանհինգերորդ նստաշրջանին տեղի ունեցող՝ Հատուկ խորհրդականի մանդատի ստեղծման տասներորդ տարելիցին նվիրված ինտերակտիվ երկխոսությանը:

23. Որոշում է շարունակել այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

49-րդ հանդիպում
2013 թվականի մարտի 22

[Ընդունվել է առանց քվեարկության]

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2008

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

Մարդու իրավունքների խորհուրդ

Բանաձև 7/25. Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին, և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս միջազգային համայնքին` բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրելու Կոնվենցիայի կարևորության փաստի վրա և կոչ անելու նրանց կրկնապատկելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար,

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների ու միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում վերջին 60 տարվա ընթացքում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են Կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

վկայակոչելով, որ Խորհուրդը լիազորված է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի և Հատուկ խորհրդականի գործունեության իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցները (E/CN.4/2006/84 և A/HRC/7/37) ներկայացնելու, ինչպես նաև Խորհրդի երրորդ և հերթական նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող երկու ինտերակտիվ երկխոսություններ կազմակերպելու մասին.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ։

2. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 2005 թվականի ապրիլի 20-ի 2005/62 բանաձևի ընդունմանը հաջորդող տարիներին։

3. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին։

4. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում։

5. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանն ուղղված՝ ընդլայնված միջազգային այն համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով։

6. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում կարող են հանգեցնել ցեղասպանության։

7. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջվում է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որն, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը։

8. Ողջունում է իր 62/238 բանաձևում ներկայացված՝ Հատուկ խորհրդականի մանդատը պահպանելու, նրա պաշտոնը մինչև Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն բարձրացնելու, ինչպես նաև նրա պաշտոնն ամրապնդելու մասին Գլխավոր քարտուղարի և Գլխավոր ասամբլեայի որոշումները։

9. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

10. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

11. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին։

12. Ընդգծում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն՝ ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք են իրավաբանական գործոնները, ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, ինչպես նաև պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչության տարածման դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում։

13. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, Դուրբանի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման հարցով վերանայման համաժողովի նախապատրաստական գործընթացին և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վաթսուներորդ տարելիցին նվիրված բոլոր համաժողովներին։

14. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, գիտելիքներ տարածել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին։

15. Խնդրում է Գերագույն հանձնակատարին՝ Պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան գործակալությունների, պայմանագրային մարմինների դիրքորոշումներն իմանալու նպատակով, տարածել Գլխավոր քարտուղարի՝ Խորհուրդ ներկայացված զեկույցները և այդ զեկույցների, ինչպես նաև ցեղասպանության հանգեցնող հնարավոր նախազգուշացման նշանների վերաբերյալ հատուկ ընթացակարգերը (E/CN.4/2006/84) և իր 10-րդ նստաշրջանին այդ մասին զեկուցել Խորհրդին։

16. Առաջարկում է Գերագույն հանձնակատարին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցը նշելու համար, որպես բարձր առաջնահերթության հարց և Պետությունների հետ խորհրդակցությամբ, առկա ռեսուրսներով կազմակերպել և իրականացնել տարելիցի համապատասխան միջոցառումներ՝ չմոռանալով նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարելիցը նշելու մասին։

17. Նաև առաջարկում է Գերագույն հանձնակատարին, որպես տարելիցի միջոցառումների մի մաս, ինչպես նաև որպես կանխարգելիչ ռազմավարությունների մշակման գործընթացին աջակցություն, առկա ռեսուրսներով կազմակերպել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ սեմինար՝ Պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գիտահետազոտական մարմինների մասնակցությամբ, և հրապարակել սեմինարի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ։

18. Խնդրում է Գլխավոր քարտուղարին իր 10-րդ նստաշրջանին Խորհրդի համար հասանելի դարձնել Միավորված ազգերի կազմակերպության համակարգի՝ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Հատուկ խորհրդականի գործունեության վերաբերյալ թարմացված զեկույցը և Հատուկ խորհրդականին հրավիրում է նույն նստաշրջանին Խորհրդի հետ տեղի ունեցող՝ իր պարտականությունների կատարման առաջընթացի վերաբերյալ ինտերակտիվ երկխոսությանը։

19. Որոշում է շարունակել այս հարցի ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

41-րդ հանդիպում
2008 թվականի մարտի 28

Ընդունվել է առանց քվեարկության

ԵԱՀԿ նախարարական հռչակագիր ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 60-րդ տարելիցի վերաբերյալ, 2008

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

Եվրոպայում Անվտանգության և
համագործակցության կազմակերպություն
Նախարարական խորհուրդ
Հելսինկի 2008

MC.DOC/3/08
5 դեկտեմբերի 2008

Տասնվեցերորդ հանդիպման երկրորդ օր
MC(16) Journal N2, հարց՝ 8

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈւ ԵՎ ՊԱՏԺԵԼՈւ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
60-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի անդամներս, նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 60-րդ տարելիցը (այսուհետև՝ Կոնվենցիա):

Մենք հաստատում ենք, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ճանաչել է մարդկային ընտանիքի բոլոր անդամներին բնորոշ արժանապատվությունը և հավասար ու անկապտելի իրավունքները՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք, ինչպես նաև կրկնում ենք Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված համապատասխան հանձնառությունները:
Մենք վերահաստատում ենք Կոնվենցիայի՝ որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի կարևոր միջազգային գործիքի նշանակությունը:

Մենք կոչ ենք անում մասնակից պետություններին, որոնք դեռևս չեն արել դա, դիտարկել, ինչքան հնարավոր է շուտ, Կոնվենցիայի անդամ և ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի այս համաշխարհային մեխանիզմի մաս դառնալը:  Մենք այնուհետև կոչ ենք անում Կոնվենցիայի կողմերին ավելացնել և ուժեղացնել իրենց գործողությունները՝ ուղղված Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների ամբողջական իրականացմանը:

Մենք նշում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, ընդունելով Կոնվենցիան, ճանաչել է, որ ցեղասպանության հանցագործությունը զազրելի ոճիր է, որը մարդկությանը հսկայական կորուստներ է պատճառել և վստահ է եղել, որ ցեղասպանության հանցագործության արագ կանխարգելումը և պատիժը խթանելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:

Մենք ճանաչում ենք, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը լրջագույն հանցագործություններից է, որը դատապարտվում է ողջ միջազգային հանրության կողմից և չի կարող երբևիցե արդարացվել: