ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅԱՆ
ԵՐՐՈՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈւՄ
2018 թ. դեկտեմբերի 9-11
(հայեցակարգ)
Մարդկության առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի: Այս իմաստով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կրթությունը կանխարգելման ջանքերի հիմնասյուներից է։ 2015 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևն ընդգծում է կրթության կարևորությունը և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ իրազեկմանը: Ցեղասպանության կրթության և հիշատակման դերը արժևորված է նաև տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ կողմից, որի կառույցները կոչված են իրականացնելու մասնակից երկրների հանձնառությունները:
2018 թ. կայանալիք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ Գլոբալ ֆորումը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին։ Այն կուսումնասիրի ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, փորձառություններն ու հեռանկարները:
Միջոցառումը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ։
***
2018 թ. Գլոբալ Ֆորումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին։ Այդ օրը լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը։ Դեկտեմբերի 9-ը հռչակվել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օր՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը։ Այդ բանաձևն իր հերթին հիմնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի վրա, որը ևս հեղինակել էր Հայաստանը։
Գիտաժողովը կմեկնարկի 2018 թ․ դեկտեմբերի 10-ին, երբ նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։
Օր առաջին (դեկտեմբերի 9)
Համերգ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին։
Օր երկրորդ (դեկտեմբերի 10)
Ֆորումի բացում: Բարձրաստիճան հատված։
Ֆորումը կբացվի բարձրաստիճան հյուրերի ողջույնի խոսքերով։
Պլենար նիստ` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70 ամյակներին (ընդունվել են համապատասխանաբար 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին)
Նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման պատմությանը, դրա դերին, ընդունումից հետո իրականացված քայլերին, արդյունքներին և քաղված դասերին։
Անդրադարձ կկատարվի նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և կընդգծվի գրեթե միաժամանակ ընդունված այս միջազգային գործիքների (Ցեղասպանության կոնվենցիայի և Մարդու իրավունքների հռչակագրի) փոխլրացնող դերը՝ անհատի և խմբերի պաշտպանության գործում:
1-ին թեմատիկ քննարկում՝ Թանգարանները և ցեղասպանությունը. ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը։
Նիստի ընթացքում կքննարկվի ցեղասպանության թանգարանների ու ինստիտուտների դերակատարումը ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի և այդ հիմնախնդրի, լուսաբանման ու տարածման տեսանկյունից։
Հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը հանրային հիշատակումներն են, ինչն իր հերթին արտահայտվում է տարբեր ձևերով։ Կքննարկվի թանգարաններ այցելությունների, հիշատակման օրերի միջոցով ցեղասպանության իրազեկվածության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ ձեռնարկված տարբեր երկրների փորձի նշանակությունը, ընդհանրությունների վերհանումը։
2-րդ թեմատիկ քննարկում՝ Ցեղասպանության և կանխարգելման վերաբերյալ կրթության ու արվեստի նոր մոտեցումներ
Նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի ցեղասպանության կանխարգելմանն ուղղված նոր կրթական և հանրակրթական ռազմավարական ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական ցանցերին և հեռակա դասավանդմանը։ Մասնակիցները կքննարկեն, թե ինչն է կարևոր դասավանդման համար, ում պետք է ուղղված լինի կրթությունը և ինչպես կարող է կրթությունը երկարաժամկետ ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Նիստի ընթացքում կքննարկվի նաև ցեղասպանության արտացոլումն արվեստի ու մշակույթի ստեղծագործություններում և դրա ազդեցությունը ցեղասպանության կանխարգելման հարցում։
Օր երրորդ (դեկտեմբերի 11)
3-րդ թեմատիկ քննարկում՝ Ցեղասպանության ժխտողականության և այլատյացության քարոզչության դեմ պայքար
Նիստում կքննարկվի, թե ինչպես է ցեղասպանությունների վերաբերյալ հիշողությունը դասագրքերից վերացվում, անուշադրության մատնվում կամ ժխտվում, և թե ինչ ռազմավարություններ է հնարավոր մշակել կրթության բնագավառում ժխտողականության դեմ պայքարելու և հասարակության վրա դրական ազդեցություն ունենալու նպատակով։ Անդրադարձ կլինի առցանց միջոցներով ատելության և ժխտողականության տարածման դեմ ծրագրերի մշակմանն ու առկա փորձին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այլատյացության, ատելության և անհանդուրժողականության երևույթների դեմ պայքարի հարցում երիտասարդ սերնդի իրազեկվածությունը բարձրացնող քայլերի մշակմանը՝ դրանով իսկ նպաստելով ցեղասպան միջավայրի ձևավորման կանխարգելմանն ուղղված քայլերին:
4-րդ թեմատիկ քննարկում՝ Կրթության և իրազեկման բարձրացման դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում
Նիստի ընթացքում կքննարկվեն ինքնության հողի վրա կատարվող հանցանքների կանխման գործում կրթության և իրազեկության բարձրացման դերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության բացառման և հիմնարար ազատությունների մասին դասավանդման միջոցով: Կներկայացվի միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման գրասենյակի գործունեությունը ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկության բարձրացման ուղղությամբ։ Տեսակետներ կփոխանակվեն Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման ՄԱԿ-ի միջազգային օրը նշելու ազգային փորձի վերաբերյալ։
Նիստը կկենտրոնանա դպրոցական կրթության, բուհական կրթության և տեղեկատվության տարածման թեմաների վրա։ Նիստի ընթացքում կարող են քննարկվել նաև նշված ուղղություններով միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կողմից կատարված աշխատանքները։
Ամփոփիչ նիստ։
Ֆորումի աշխատանքները կավարտվեն նախագահողի ամփոփիչ ելույթով։