ՄԱԿ Գլխավոր ասամբելայի բանաձև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օվա մասին

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

69/323. Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր

Գլխավոր ասամբլեան,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով , «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով  և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով իր՝ 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I), 1948 թվականի դեկտեմբերի 9-ի 260 A (III) և 1998 թվական  ի դեկտեմբերի 2-ի 53/43 բանաձևերը և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում ընդունված մյուս համապատասխան բանաձևերը, որոնք նպաստել են ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանն ու զարգացմանը,

վկայակոչելով նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ՝ Մարդու իրավունքների խորհրդի 2008 թվականի մարտի 28-ի 7/25 , 2013 թվականի մարտի 22-ի 22/22  և 2015 թվականի մարտի 27-ի 28/34 բանաձևերը,

վերահաստատելով 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ,

ընդունելով, որ Կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության զոհերը և ցեղասպանության հանցագործությունից տուժած այլ անձինք այս մասին հիշատակելու կոչ են անում, ինչը կարևոր դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում,

վերահաստատելով յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում և այն փաստը, որ ցեղասպանության հանցագործության անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է այն կանխարգելելու համար,

վերահաստատելով իր՝ Միջազգային տարիներ հռչակելու վերաբերյալ 1998 թվականի դեկտեմբերի 15-ի 53/199 և 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 61/185 բանաձևերը, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի՝ 1980 թվականի հուլիսի 25-ի Միջազգային տարիների և հիշատակի օրերի վերաբերյալ 1980/67 բանաձևը, մասնավորապես, դրանք հռչակելու համաձայնեցված չափորոշիչների վերաբերյալ հավելվածի 1-10-րդ պարբերությունները, ինչպես նաև 13-րդ և 14-րդ պարբերությունները, որտեղ նշվում է, որ միջազգային օր կամ տարի չպետք է հռչակվի, քանի դեռ դրա կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հիմնական միջոցառումները չեն իրականացվել.

1.Որոշում է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

2.Հորդորում է Անդամ և դիտորդ հանդիսացող բոլոր պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի բոլոր կազմակերպություններին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին և անհատներին հետևել Միջազգային օրվան՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի2 և Կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և կանխարգելման գործում դրա դերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, և բարձր պահել զոհերի հիշատակն ու պատիվը.

3.Շեշտում է այն փաստը, որ սույն բանաձևի իրականացումից բխող բոլոր գործողությունների հետ կապված ծախսերը պետք է կատարվեն կամավոր վճարումների հաշվին.

4.Խնդրում է Գլխավոր քարտուղարին սույն բանաձևը ներկայացնել բոլոր Անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուշադրությանը՝ պատշաճ ձևով հետևելու համար։

103-րդ լիագումար նիստ
2015 թվականի սեպտեմբերի 11

Print Friendly, PDF & Email