ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2018

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

Մարդու իրավունքների խորհուրդ
37-րդ նստաշրջան

2018 թվականի փետրվարի 26-ից մարտի 23-ը
Օրակարգի 3-րդ հարց

Մարդու իրավունքների խորհրդի՝ 2018 թվականի մարտի 23-ին ընդունած բանաձև
 

37/26․ Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իր՝ 2008 թվականի մարտի 28-ի 7/25, 2013 թվականի մարտի 22-ի 22/22 և 2015 թվականի մարտի 27-ի 28/34 բանաձևերը,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի յոթանասուներորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս անդամ պետություններին և միջազգային համայնքին` Կոնվենցիայի կարևորությունը վերահաստատելու և շարունակելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելուն և պատժելուն ուղղված իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար,

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

դատապարտելով ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիությունը և ընդգծելով Պետությունների՝ համապատասխան միջազգային փաստաթղթերի համաձայն անպատժելիությանը վերջ դնելու և այդ նպատակով ցեղասպանության, մարդկության դեմ ուղղած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների կամ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ կամ պարբերաբար կատարվող այլ խախտումների համար պատասխանատու անձանց մանրամասն քննելու և քրեական հետապնդման ենթարկելու իրենց պարտականությունները կատարելու պատասխանատվությունը՝ դրանց կրկնությունից խուսափելու և կայուն խաղաղություն, արդարադատություն, ճշմարտություն և հաշտեցում պահանջելու նպատակով, և այս առնչությամբ շեշտելով նաև ազգային դատական մարմինների կարողությունները և ներպետական համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը,
ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների և միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են Կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

շեշտելով ցեղասպանության կանխարգելման գործում ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու կարևորությունը, ինչպես նաև շեշտելով, որ այդ հանցագործությունը կատարողները պետք է ազգային կամ միջազգային մակարդակով ենթարկվեն քրեական պատասխանատվության,

ընդունելով Ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի կատարած աշխատանքը և անցումային արդարադատության նկատմամբ համալիր մոտեցման շնորհիվ մարդու իրավունքների կոպիտ և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները կանխելու հարցում այդ աշխատանքի դրական ազդեցությունը,

ընդունելով նաև Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վերաբերյալ զեկույցները1 և պետություններին հորդորելով համագործակցել Ճշմարտության, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ,

հորդորելով պետություններին համապատասխան միջոցներով նպաստել ճշմարտության հաստատմանը՝ որպես անպատժելիության դեմ պայքարի կարևոր տարր, ինչպես նաև հաշվետվողականության խթանմանը՝ որպես ցեղասպանության կանխարգելման և համապարփակ հաշտեցման գործընթացի մաս,

գիտակցելով, որ ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր գործոն է համարվում ցեղասպանության հիմքում ընկած արմատական պատճառների, ինչպես նաև վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերումը,

մտահոգությամբ նշելով, որ Կոնվենցիայով սահմանվածի համաձայն և միջազգային իրավունքով որպես ցեղասպանություն սահմանված հանցագործությունը մերժելու կամ արդարացնելու փորձերը կարող են անպատժելիության դեմ պայքարը, հաշտեցումը և ցեղասպանությունը կանխարգելելու ջանքերը խոչընդոտելու վտանգ պարունակեն,

ընդգծելով այն փաստը, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների դեպքերին արձագանքելու ռազմավարությունները, քաղաքականությունները և միջոցառումները ծրագրելիս ու կազմակերպելիս պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր իրավիճակի հատուկ համատեքստը՝ նպատակ ունենալով կանխելու հանցագործությունների և հետագա խախտումների կրկնությունը,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի կողմից լիազորված է եղել մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

նշելով Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի, ինչպես նաև Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված՝ վայրագությունների վերլուծության շրջանակի մասին՝ որպես ցանկացած իրավիճակում ցեղասպանության ռիսկերի գնահատման գործիքներից մեկը, և հորդորելով Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքներում համապատասխան շրջանակներն օգտագործել որպես ուղեցույց,

վկայակոչելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի2 և Հատուկ խորհրդականի գործունեության3 իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցների ներկայացումը, ինչպես նաև Խորհրդի երրորդ, յոթերորդ, տասներորդ, քսանհինգերորդ և երեսունմեկերորդ նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող հինգ ինտերակտիվ երկխոսությունների կազմակերպումը,

վկայակոչելով 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը,

ընդունելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով պայմանավորվածությունների կարևոր դերը ցեղասպանության կանխարգելման գործում, ինչպես նաև արձագանքն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության և այս առնչությամբ նշելով Մեծ լճերի տարածաշրջանի վերաբերյալ միջազգային համաժողովի միջոցով՝ Ցեղասպանության հանցագործությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և խտրականության բոլոր ձևերը կանխարգելելու և պատժելու հարցերով տարածաշրջանային կոմիտե ստեղծելու մասին, ինչպես նաև Համաժողովի անդամ պետությունների կողմից համապատասխան ազգային կոմիտեներ ստեղծելու, Լատինական Ամերիկայի՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման ցանցի, Եվրոպական Միության՝ ցեղասպանության հարցերով ցանցի, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին,

ընդունելով նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումների հաջող արդյունքները. առաջինը՝ Բուենոս Այրեսում, 2008 թվականի դեկտեմբերի 10-12, երկրորդը՝ Արուշայում, 2010 թվականի մարտի 3-5, երրորդը՝ Բերնում, 2011 թվականի ապրիլի 4-6, և չորրորդը՝ Ֆնոմ Պենում, 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 1, և նշելով Զանգվածային վայրագություններով ուղեկցվող հանցագործությունների դեմ ուղղված համաշխարհային գործողության շրջանակներում՝ 2014 թվականի մարտի 4-6-ը Սան Խոսեում անցկացված առաջին, և 2016 թվականի փետրվարի 2-4-ը Մանիլայում անցկացված երկրորդ միջազգային հանդիպման մասին,

այնուհետև ընդունելով, որ ցեղասպանության հանցագործության զոհերը և ցեղասպանության հանցագործությունից տուժած այլ անձինք, ինչպես սահմանված է Կոնվենցիայով, այս մասին հիշատակելու կոչ են անում, ինչը կարևոր դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ:

2. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում:

3. Հորդորում է Անդամ պետություններին ցեղասպանությունը կանխարգելելու համար զարգացնել իրենց կարողությունները՝ անհատական փորձ ձեռք բերելու և կանխարգելմանն ուղղված գործունեությունն ամրապնդելու համար կառավարություններում համապատասխան գերատեսչություններ ստեղծելու միջոցով։

4. Հորդորում է Պետություններին դիտարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով այնպիսի համակարգման կենտրոնների նշանակման հարցը, որոնք կարող են համագործակցել, տեղեկություններ ու լավագույն գործելակերպեր փոխանակել ինչպես միմյանց, այնպես էլ Ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ:

5. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան, և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան Մարդու իրավունքների խորհրդի կողմից իր 28/34 բանաձևն ընդունելուց հետո, մասնավորապես՝ Բենինին, Մալավիին և Տաջիկստանին.

6. Ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի կողմից՝ «Ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունիններորդ տարելիցին և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը Կոնվենցիայի համընդհանուր վավերացում պահանջելու գործընթացի մեկնարկը.

7. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին:

8. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանը ընդլայնված միջազգային համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով:

9. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող արդեն առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում, կարող են հանգեցնել ցեղասպանության։

10. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջվում է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որը, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը:

11. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

12. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության:

13. Վերահաստատում է համընդհանուր պարբերական վերանայման իր մեխանիզմի կարևորությունը, որը կարևոր գործիք է մարդու իրավունքների զարգացման համար, ինչպես նաև խնդրում է պետություններին, անհրաժեշտության դեպքում, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկությունները ներառել իրենց ազգային զեկույցներում։

14. Կոչ է անում բոլոր պետություններին իրականացնել համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում ընդունված՝ ցեղասպանության հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ առաջարկությունները:

15. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին, ինչպես նաև շարունակել համագործակցությունը համապատասխան միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային կառույցների և քաղաքացիական հասարակության հետ:

16. Վերահաստատում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք իրավաբանական գործոնները և այն հնարավոր նախազգուշական նշաններն են, որոնք, ի թիվս այլնի, ներկայացված են Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցում և Ցեղասպանության կանխարգելման հարցերով խորհրդականի և Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի՝ վայրագությունների վերլուծությունների շրջանակում, ինչպես օրինակ՝ ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ինչպես նաև ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչության տարածման դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում:

17. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, որոնք նվիրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային:

18. Առաջարկում է Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այլ տարածաշրջաններում մշակված՝ ցեղասպանության կանխարգելման լավագույն գործելակերպերի օրինակները՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային և ազգային հատուկ հանգամանքները՝ նպատակ ունենալով կանխարգելման միջոցները, այդ թվում՝ վաղ նախազգուշացման մեխանիզմները և համագործակցության ձևերն ամրապնդելու համար փոխանակել փորձն ու լավագույն գործելակերպերը:

19. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, շարունակել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին:

20. Ընդգծում է այն կարևոր դերը, որ կարող է ունենալ կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում, և այնուհետև հորդորում է Կառավարություններին անհրաժեշտության դեպքում խթանել ցեղասպանության կանխարգելմանը նպաստող կրթական ծրագրերն ու նախագծերը:

21. Նշում է ցեղասպանության կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման այլ կարողություններ ամրապնդելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից Անդամ պետություններին վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին և հորդորում է Անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում քննարկել այդպիսի աջակցություն պահանջելու հարցը:

22. Առաջարկում է պետություններին՝ որպես կանխարգելիչ միջոց նախատեսել այնպիսի համապատասխան եղանակներ, որոնք կարող են ներառել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը, ինչը կապահովի, որ այդպիսի հրեշավոր հանցագործությունները երբեք չմոռացվեն, ինչպես նաև յուրաքանչյուրի համար անցյալից դասեր քաղելու և ավելի անվտանգ ապագա կերտելու հնարավորություն կստեղծի։

23. Ողջունում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընդհանուր համաձայնությամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 11-ի 69/323 բանաձևի ընդունումը, որտեղ դեկտեմբերի 9-ը Ասամբլեայի կողմից հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

24. Խնդրում է Գլխավոր քարտուղարին, Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով գրասենյակի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների, Կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ աջակցել Միավորված ազգերի կազմակերպության կողմից Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը նշելու հաջողությունն ապահովելու հարցում, ինչպես նաև պահանջի դեպքում և 69/323 բանաձևի ֆինանսավորման վերաբերյալ դրույթներին համապատասխան՝ աջակցել Անդամ պետություններին՝ Միջազգային օրը նշելու հետ կապված միջոցառումները կազմակերպելու հարցում.

25. Առաջարկում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին շարունակել գործողություններ իրականացնել՝ իր մանդատին համապատասխան, այդ թվում՝ այս բանաձևին հաջորդող գործողություններ՝ Պետություններին իրենց պահանջի հիման վրա ուղղորդում, աջակցություն և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու միջոցով:

26. Խնդրում է Գլխավոր քարտուղարին կազմել ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգման կենտրոնների և ցանցերի ցուցակ՝ Անդամ պետություններից ստացված թարմացված տեղեկություններով:

27. Նաև խնդրում է Գլխավոր քարտուղարին պատրաստել սույն բանաձևի դրույթների կիրարկման մասին՝ Պետություններից ստացված տեղեկությունների վրա հիմնված գործողությունների իրականացման վերաբերյալ զեկույց՝ հատուկ կենտրոնանալով այն գործողությունների վրա, որոնք ուղղված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ինչպես նաև կրթական այն ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, որոնք նպաստում են ցեղասպանության կանխարգելմանը և իր քառասունմեկերորդ նստաշրջանին զեկույցը ներկայացնել Մարդու իրավունքների խորհուրդ.

28. Խնդրում է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին Մարդու իրավունքների խորհրդի երեսունիններորդ նստաշրջանին կազմակերպել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի յոթանասուներորդ տարելիցին նվիրված բարձր մակարդակի խմբային քննարկում, որին պետք է հաջորդի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ անցկացվող ինտերակտիվ երկխոսություն:

29. Նաև խնդրում է Գերագույն հանձնակատարի գրասենյակին պատրաստել բարձր մակարդակի խմբային քննարկման վերաբերյալ համառոտ զեկույց և իր քառասուներորդ նստաշրջանին այն ներկայացնել Մարդու իրավունքների խորհուրդ:

30. Որոշում է շարունակել այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

55-րդ հանդիպում
23 մարտի 2018

[Ընդունվել է առանց քվեարկության]

Print Friendly, PDF & Email