ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2013

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

A/HRC/RES/22/22

Մարդու իրավունքների խորհուրդ
22-րդ նստաշրջան
Օրակարգի 3-րդ հարց
Մարդու բոլոր իրավունքների, քաղաքացիական,
քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների,
այդ թվում՝ զարգանալու իրավունքի խթանում և պաշտպանություն

Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձև

22/22. Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

վկայակոչելով Մարդու իրավունքների խորհրդի 2008 թվականի մարտի 28-ին ընդունված՝ «Ցեղասպանության կանխարգելում» թիվ 7/25 բանաձևը,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունհինգերորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս միջազգային համայնքին` բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրելու Կոնվենցիայի կարևորության փաստի վրա և կոչ անելու նրանց կրկնապատկել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար:

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների և միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում վերջին 65 տարվա ընթացքում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

շեշտելով ցեղասպանության կանխարգելման գործում ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու կարևորությունը, ինչպես նաև շեշտելով, որ այդպիսի հանցագործություններ կատարողները պետք է ազգային կամ միջազգային մակարդակով ենթարկվեն քրեական պատասխանատվության,

ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վերաբերյալ զեկույցները  և հորդորելով պետություններին ճշմարտությունը, արդարադատությունը, հատուցումը և չկրկնվելու երաշխիքները խթանելու հարցում համագործակցել Հատուկ զեկուցողի հետ,

հորդորելով պետություններին համապատասխան միջոցներով խթանել ճշմարտության հաստատումը՝ որպես անպատժելիության դեմ պայքարի, հաշվետվողականության խթանման կարևոր տարր՝ որպես ցեղասպանության կանխարգելման համապարփակ հաշտեցման գործընթացի մաս,

գիտակցելով, որ ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր գործոն է համարվում ցեղասպանության հիմքում ընկած պատճառների, ինչպես նաև վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերումը,

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի կողմից լիազորված է եղել մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

նշելով Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված վերլուծությունների շրջանակի մասին՝ որպես ցանկացած իրավիճակում ցեղասպանության ռիսկերի գնահատման գործիքներից մեկը, և հորդորելով Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքներում համապատասխան շրջանակներն օգտագործել որպես ուղեցույց,

գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի  և Հատուկ խորհրդականի գործունեության  իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցները ներկայացնելու, ինչպես նաև Խորհրդի երրորդ, յոթերորդ և տասներորդ նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող երեք ինտերակտիվ երկխոսություններ կազմակերպելու մասին,

վկայակոչելով 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը,

ողջունելով Մարդու իրավունքների խորհրդի 7/25 բանաձևի համաձայն 2009 թվականի հունվարին կազմակերպված՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցին նվիրված սեմինարը և միավորելով պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմիններին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությանը և գիտահետազոտական մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգում առկա կանխարգելիչ ռազմավարությունները, նախաձեռնությունները և մեխանիզմները, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման գործում Անդամ պետությունների, տարածաշրջանային մարմինների և մյուս մարմինների դերը քննարկելու համար,

ընդունելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով պայմանավորվածությունների կարևոր դերը ցեղասպանության կանխարգելման գործում, ինչպես նաև արձագանքն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության և այս առնչությամբ նշելով Մեծ լճերի տարածաշրջանի վերաբերյալ միջազգային համաժողովի միջոցով՝ Ցեղասպանության հանցագործությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և խտրականության բոլոր ձևերը կանխարգելելու և պատժելու հարցերով տարածաշրջանային կոմիտե ստեղծելու մասին, ինչպես նաև Համաժողովի անդամ պետությունների կողմից համապատասխան ազգային կոմիտեներ ստեղծելու, Լատինական Ամերիկայի՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման ցանցի, Եվրոպական Միության՝ ցեղասպանության հարցերով ցանցի, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին,

ընդունելով Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ տարածաշրջանային այն ֆորումների հաջող արդյունքները, որոնցից չորսն անցկացվել են Ֆնոմ Պենում, 2013 թվականի փետրվարի 28-ից մարտի 1-ը.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ։

2. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում։

3. Հորդորում է Անդամ պետություններին ցեղասպանությունը կանխարգելելու համար զարգացնել իրենց կարողությունները՝ անհատական փորձ ձեռք բերելու և կանխարգելմանն ուղղված գործունեությունն ամրապնդելու համար կառավարություններում համապատասխան գերատեսչություններ ստեղծելու միջոցով։

4. Հորդորում է Պետություններին դիտարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով այնպիսի համակարգման կենտրոնների նշանակման հարցը, որոնք կարող են համագործակցել, տեղեկություններ ու լավագույն գործելակերպեր փոխանակել ինչպես միմյանց, այնպես էլ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ։

5. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան, և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան 2008 թվականի մարտի 28-ին՝ Մարդու իրավունքների խորհրդի կողմից իր 7/25 բանաձևն ընդունելուց հետո:

6. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին:

7. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանն ուղղված ընդլայնված միջազգային այն համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով:

8. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող արդեն առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում, կարող են հանգեցնել ցեղասպանության:

9. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջված է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որը, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը:

10. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

11. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության:

12. Վերահաստատում է Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական վերանայման մեխանիզմի կարևորությունը, որը կարևոր գործիք է մարդու իրավունքների զարգացման համար, ինչպես նաև խնդրում է պետություններին, անհրաժեշտության դեպքում, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկությունները ներառել իրենց ազգային զեկույցներում։

13. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին, ինչպես նաև շարունակել համագործակցությունը համապատասխան միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային կառույցների և քաղաքացիական հասարակության հետ:

14. Վերահաստատում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք իրավաբանական գործոնները և այն հնարավոր նախազգուշական նշաններն են, որոնք, ի թիվս այլնի, ներկայացված են Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցում2 և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի վերլուծությունների շրջանակում, ինչպես օրինակ՝ ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ինչպես նաև ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչություն տարածելու դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում:

15. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, որոնք նվիրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային:

16. Առաջարկում է Անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այլ տարածաշրջաններում մշակված՝ ցեղասպանության կանխարգելման լավագույն գործելակերպերի օրինակները՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային և ազգային հատուկ հանգամանքները՝ նպատակ ունենալով կանխարգելման միջոցները, այդ թվում՝ վաղ նախազգուշացման մեխանիզմները և համագործակցության ձևերն ամրապնդելու համար փոխանակել փորձն ու լավագույն գործելակերպերը:

17. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, շարունակել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին:

18. Ընդգծում է այն կարևոր դերը, որ կարող է ունենալ կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում, և այնուհետև հորդորում է Կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում խթանել ցեղասպանության կանխարգելմանը նպաստող կրթական ծրագրերն ու նախագծերը:

19. Նշում է ցեղասպանության կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմները, ինչպես նաև կանխարգելման այլ կարողություններ ամրապնդելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից Անդամ պետություններին վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին և հորդորում է Անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում քննարկել այդպիսի աջակցություն պահանջելու հարցը:

20. Առաջարկում է պետություններին՝ որպես կանխարգելիչ միջոց նախատեսել այնպիսի համապատասխան եղանակներ, որոնք կարող են ներառել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը, ինչը կապահովի, որ այդպիսի հրեշավոր հանցագործությունները երբեք չմոռացվեն, ինչպես նաև յուրաքանչյուրի համար անցյալից դասեր քաղելու և ավելի անվտանգ ապագա կերտելու հնարավորություն կստեղծի:

21. Խնդրում է Գերագույն հանձնակատարին առկա ռեսուրսների շրջանակներում իր քսանհինգերորդ նստաշրջանի ընթացքում կազմակերպել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսունհինգերորդ տարելիցին նվիրված բարձր մակարդակի խմբային քննարկում՝ Անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների, գործակալությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և խնդրում է նաև Գերագույն հանձնակատարի գրասենյակին պատրաստել և ներկայացնել խմբային քննարկման վերաբերյալ համառոտ զեկույց:

22. Հրավիրում է Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին իր քսանհինգերորդ նստաշրջանին տեղի ունեցող՝ Հատուկ խորհրդականի մանդատի ստեղծման տասներորդ տարելիցին նվիրված ինտերակտիվ երկխոսությանը:

23. Որոշում է շարունակել այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

49-րդ հանդիպում
2013 թվականի մարտի 22

[Ընդունվել է առանց քվեարկության]

Print Friendly, PDF & Email