ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելում խորագրով բանաձև, 2008

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ

Մարդու իրավունքների խորհուրդ

Բանաձև 7/25. Ցեղասպանության կանխարգելում

Մարդու իրավունքների խորհուրդը,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային փաստաթղթերով,

հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին, և որի ընդունման հաջորդ օրն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարևոր հնարավորություն է տալիս միջազգային համայնքին` բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրելու Կոնվենցիայի կարևորության փաստի վրա և կոչ անելու նրանց կրկնապատկելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու իրենց ջանքերը,

ընդգծելով, որ ցեղասպանության հանցագործությունը Կոնվենցիայում ընդունվում է որպես մարդկությանը մեծ կորուստներ հասցրած նողկալի արհավիրք և այն, որ պահանջվում է հետագա միջազգային համագործակցություն՝ ցեղասպանության հանցագործությունը ժամանակին կանխարգելելու և պատժելու համար,

խորապես մտահոգված լինելով վերջին տարիներին Կոնվենցիայի հիման վրա և Կոնվենցիայով սահմանված կարգով միջազգային համայնքի կողմից ճանաչված ցեղասպանության դեպքերով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները կարող են հանգեցնել ցեղասպանության,

հաշվի առնելով, որ 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնել են, որ այդպիսի հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործության նկատմամբ չկիրառվի վաղեմության ժամկետ՝ անկախ դրանց կատարման ժամանակից,

հաստատելով, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է դրանց կրկնությունը և լուրջ խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության խթանման համար և այն, որ այդպիսի հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է դրանք կանխելու հարցում,

ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու նպատակով համապատասխան մեխանիզմների ու միջոցների զարգացման հարցում միջազգային համայնքի, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում վերջին 60 տարվա ընթացքում գրանցված նշանակալի առաջընթացը, ինչով նպաստել են Կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (I) բանաձևը, որով Ասամբլեան, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանությունը ճանաչել է որպես հանցագործություն, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու գործընթացի հաստատմանը և զարգացմանը նպաստած՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ընդունված բոլոր հերթական բանաձևերը, այդ թվում՝ Ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը,

բարձր գնահատելով այն փաստը, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ ցեղասպանությունը դասվում է միջազգային համայնքին մտահոգող առավել ծանր հանցագործությունների շարքին, ինչպես նաև ընդունելով Դատարանի և այլ համապատասխան միջազգային քրեական տրիբունալների դերը ցեղասպանության հանցագործության դեպքում հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն աջակցելու հարցում,

վկայակոչելով, որ Խորհուրդը լիազորված է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումների դեպքերին անդրադառնալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, և որ այն պետք է խթանի նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում մարդու իրավունքների արդյունավետ համակարգումն ու կարևորումը,

գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի կարևոր ներդրումը այնպիսի իրավիճակների կանխմանն ուղղված գործողություններում, որոնց դեպքում կարող է կատարվել ցեղասպանության հանցագործություն,

վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի մանդատի իրականացման հարցում, որը, ի թիվս այլնի, գործում է որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ՝ այնպիսի հնարավոր իրավիճակները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության,

գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացված՝ Հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի և Հատուկ խորհրդականի գործունեության իրականացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցները (E/CN.4/2006/84 և A/HRC/7/37) ներկայացնելու, ինչպես նաև Խորհրդի երրորդ և հերթական նստաշրջաններին Հատուկ խորհրդականի հետ անցկացվող երկու ինտերակտիվ երկխոսություններ կազմակերպելու մասին.

1. Վերահաստատում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու համար միջազգային արդյունավետ փաստաթուղթ։

2. Իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան կամ միացել են դրան և, մասնավորապես, այն պետություններին, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 2005 թվականի ապրիլի 20-ի 2005/62 բանաձևի ընդունմանը հաջորդող տարիներին։

3. Կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել Կոնվենցիան կամ միացել դրան, քննարկել այդ քայլը ձեռնարկելու բարձր առաջնահերթության հարցը և, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին։

4. Վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է այդպիսի հանցագործության, այդ թվում՝ դրա հրահրման դեպքի՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով կանխում։

5. Շեշտում է Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների խթանմանն ուղղված՝ ընդլայնված միջազգային այն համագործակցության կարևորությունը, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով։

6. Կոչ է անում բոլոր պետություններին ցեղասպանության հետագա դեպքերը կանխելու նպատակով համագործակցել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջոցով, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող այնպիսի խախտումների վաղաժամ հայտնաբերմանը և կանխարգելմանը նպաստող առկա մեխանիզմների միջև համապատասխան համագործակցությունն ամրապնդելու շուրջ, որոնք չդադարեցվելու դեպքում կարող են հանգեցնել ցեղասպանության։

7. Գիտակցում է վաղ նախազգուշացման կամ կանխարգելման դեպքերի շուտափույթ ուսումնասիրությանը նպաստելու հարցում Գլխավոր քարտուղարի ունեցած կարևոր դերը, ինչպես պահանջվում է Անվտանգության խորհրդի 2001 թվականի օգոստոսի 30-ի 1366 (2001) բանաձևով, և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործառույթները, որն, իր մանդատին համապատասխան, հավաքում է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ներսում առկա տեղեկությունները, ցեղասպանության կանխարգելման համար նախատեսված գործողությունների շրջանակներում կապ է պահպանում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի հետ և աշխատում է զարգացնել Միավորված ազգերի կազմակերպության՝ ցեղասպանության կամ դրա հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վերլուծելու և համակարգելու կարողությունը։

8. Ողջունում է իր 62/238 բանաձևում ներկայացված՝ Հատուկ խորհրդականի մանդատը պահպանելու, նրա պաշտոնը մինչև Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն բարձրացնելու, ինչպես նաև նրա պաշտոնն ամրապնդելու մասին Գլխավոր քարտուղարի և Գլխավոր ասամբլեայի որոշումները։

9. Խնդրում է բոլոր Կառավարություններին լիարժեք կերպով համագործակցել Հատուկ խորհրդականի հետ՝ իր աշխատանքը կատարելու հարցում, տրամադրել պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները և արագ արձագանքել նրա հրատապ դիմումներին։

10. Ընդգծում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ Խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և համապատասխան հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև պայմանագրային մարմինների կարևոր դերը մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումների մասին տեղեկություններ հավաքելու մարտահրավերը հաղթահարելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով այնպիսի բարդ իրավիճակների ավելի լավ ընկալմանն ու դրանց վերաբերյալ վաղ նախազգուշացմանը, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

11. Հորդորում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ավելի ընդլայնել տեղեկությունների կանոնավոր փոխանակումն իրենց գրասենյակների և Հատուկ խորհրդականի ու բոլոր համապատասխան հատուկ ընթացակարգերի, այդ թվում՝ այն անձանց մարդու իրավունքների ամրապնդման և պաշտպանության հարցերով զբաղվողների միջև, որոնք պատկանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին։

12. Ընդգծում է Կոնվենցիայով սահմանվածի համաձայն՝ ցեղասպանության հանգեցնող բարդ իրավիճակներին անդրադառնալիս մի շարք տարբեր այնպիսի գործոնների շտապ և համապարփակ ուսումնասիրության կարևորությունը, ինչպիսիք են իրավաբանական գործոնները, ռիսկային խմբերի առկայությունը, մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերաբար կատարվող խախտումները, ինչպես նաև պարբերաբար կրկնվող խտրականության դեպքերի թվի աճը, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերին պատկանող անձանց ուղղված ատելության քարոզչության տարածման դեպքերը, հատկապես եթե դրանք արտահայտվում են բռնության փաստացի կամ հնարավոր պոռթկման համատեքստում։

13. Հորդորում է պետություններին ցեղասպանության կանխարգելման խնդիրը լուծելու համար մասնակցել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ֆորումներին, այդ թվում, ի թիվս այլնի, տարածաշրջանային և տվյալ հարցով զբաղվող կազմակերպությունների և դրանց՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների տարեկան հանդիպումներին, Դուրբանի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման հարցով վերանայման համաժողովի նախապատրաստական գործընթացին և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վաթսուներորդ տարելիցին նվիրված բոլոր համաժողովներին։

14. Հորդորում է Կառավարություններին, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության խթանմանը զուգահեռ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ, գիտելիքներ տարածել Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելման սկզբունքներին։

15. Խնդրում է Գերագույն հանձնակատարին՝ Պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան գործակալությունների, պայմանագրային մարմինների դիրքորոշումներն իմանալու նպատակով, տարածել Գլխավոր քարտուղարի՝ Խորհուրդ ներկայացված զեկույցները և այդ զեկույցների, ինչպես նաև ցեղասպանության հանգեցնող հնարավոր նախազգուշացման նշանների վերաբերյալ հատուկ ընթացակարգերը (E/CN.4/2006/84) և իր 10-րդ նստաշրջանին այդ մասին զեկուցել Խորհրդին։

16. Առաջարկում է Գերագույն հանձնակատարին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վաթսուներորդ տարելիցը նշելու համար, որպես բարձր առաջնահերթության հարց և Պետությունների հետ խորհրդակցությամբ, առկա ռեսուրսներով կազմակերպել և իրականացնել տարելիցի համապատասխան միջոցառումներ՝ չմոռանալով նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարելիցը նշելու մասին։

17. Նաև առաջարկում է Գերագույն հանձնակատարին, որպես տարելիցի միջոցառումների մի մաս, ինչպես նաև որպես կանխարգելիչ ռազմավարությունների մշակման գործընթացին աջակցություն, առկա ռեսուրսներով կազմակերպել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ սեմինար՝ Պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գիտահետազոտական մարմինների մասնակցությամբ, և հրապարակել սեմինարի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ։

18. Խնդրում է Գլխավոր քարտուղարին իր 10-րդ նստաշրջանին Խորհրդի համար հասանելի դարձնել Միավորված ազգերի կազմակերպության համակարգի՝ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Հատուկ խորհրդականի գործունեության վերաբերյալ թարմացված զեկույցը և Հատուկ խորհրդականին հրավիրում է նույն նստաշրջանին Խորհրդի հետ տեղի ունեցող՝ իր պարտականությունների կատարման առաջընթացի վերաբերյալ ինտերակտիվ երկխոսությանը։

19. Որոշում է շարունակել այս հարցի ուսումնասիրությունը՝ իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

41-րդ հանդիպում
2008 թվականի մարտի 28

Ընդունվել է առանց քվեարկության

Print Friendly, PDF & Email