ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ
Եվրոպայում Անվտանգության և
համագործակցության կազմակերպություն
Նախարարական խորհուրդ
Հելսինկի 2008
MC.DOC/3/08
5 դեկտեմբերի 2008
Տասնվեցերորդ հանդիպման երկրորդ օր
MC(16) Journal N2, հարց՝ 8
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈւ ԵՎ ՊԱՏԺԵԼՈւ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
60-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մենք՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի անդամներս, նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 60-րդ տարելիցը (այսուհետև՝ Կոնվենցիա):
Մենք հաստատում ենք, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ճանաչել է մարդկային ընտանիքի բոլոր անդամներին բնորոշ արժանապատվությունը և հավասար ու անկապտելի իրավունքները՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք, ինչպես նաև կրկնում ենք Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված համապատասխան հանձնառությունները:
Մենք վերահաստատում ենք Կոնվենցիայի՝ որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի կարևոր միջազգային գործիքի նշանակությունը:
Մենք կոչ ենք անում մասնակից պետություններին, որոնք դեռևս չեն արել դա, դիտարկել, ինչքան հնարավոր է շուտ, Կոնվենցիայի անդամ և ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի այս համաշխարհային մեխանիզմի մաս դառնալը: Մենք այնուհետև կոչ ենք անում Կոնվենցիայի կողմերին ավելացնել և ուժեղացնել իրենց գործողությունները՝ ուղղված Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների ամբողջական իրականացմանը:
Մենք նշում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, ընդունելով Կոնվենցիան, ճանաչել է, որ ցեղասպանության հանցագործությունը զազրելի ոճիր է, որը մարդկությանը հսկայական կորուստներ է պատճառել և վստահ է եղել, որ ցեղասպանության հանցագործության արագ կանխարգելումը և պատիժը խթանելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:
Մենք ճանաչում ենք, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը լրջագույն հանցագործություններից է, որը դատապարտվում է ողջ միջազգային հանրության կողմից և չի կարող երբևիցե արդարացվել: