Կանխարգելում

Հայաստանի Հանրապետության կողմից
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում
Ցեղասպանության կանխարգելման թեմայով
բանաձևերի ներկայացման պատմությունը

Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում բանաձև նախաձեռնելն ու անցկացնելը ծանրակշիռ ներդրում է միջազգային ասպարեզում կարևորություն ներկայացնող այս կամ այն հարցը ներկայացնելու համար:

ՄԱԿ-ի համակարգում առաջադրվող բանաձևերը` ձևավորելով անդամ երկրների վարքագծի նոր կանոններ, իրականում երկակի դեր են ունենում. առաջինը` դրանք կարող են իրավունքի մշակման գործընթացի մի փուլ լինել, ինչն իր հերթին կարող է հանգեցնել միջազգային հանրային իրավունքի նորմերի ձևակերպման և երկրորդը` խորհրդատվական բնույթ ունենալով, դրանք այնուամենայնիվ, դառնում են միջպետական հարաբերությունների կարգավորման գործիք: Հետևաբար, չնայած ՄԱԿ-ի շրջանակում ընդունվող բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք մեծ ազդեցություն են ունենում միջազգային իրավունքի ձևավորման գործընթացի վրա, մասնավորապես, եթե բանաձևի տեքստը կոնսենսուսային է:

Այն փաստը, որ ցեղասպանության կանխարգելման թեմայով բանաձևեր ներկայացվում էին հենց Հայաստանի կողմից բնականաբար խորհրդանշական էր, քանի որ կար հստակ գիտակցում այն բանի, որ դա ներկայացվում է ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող երկրի կողմից։

Ցեղասպանության խնդրին վերաբերող առաջին բանաձևը Հայաստանը ներկայացրել է դեռևս 1998 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այն վերաբերել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակին: Բանաձևը ներկայացնելու գաղափարը և նախաձեռնությունը պատկանել է Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանին:

Այս բանաձևը նույն տարում դրվել և առանց քվեարկության ընդունվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` GA resolution 53/43 (ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին): Բանաձևի հիմնական նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կոնվենցիայի ընդունման փաստին, ինչպես նաև կոչ անել անդամ երկրներին ապահովել Կոնվենցիայի ուսումնասիրումն ու տարածումը: Հաջորդիվ ներկայացված չորս բանաձևերը բովանդակային առումով ավելի կատարելագործվեցին և ընդլայնվեցին: Կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, որ առաջին իսկ բանաձևից Հայաստանին հաջողվեց տեքստում ամրագրել համապատասխան հղում՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային:

Այդ բանաձևերը մինչև 2005 թվականը ներառյալ աշխատանքային ծրագրի համաձայն ներկայացվել են երկու տարին մեկ հաջորդականությամբ:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի կողմից Մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակում նախաձեռնված և միաձայն ընդունված բանաձևերն ըստ տարեթվերի.

  • 1998 թվականի ապրիլի 3-ի թիվ 1998/10 բանաձև՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հիսունամյակին»;
  • 1999 թվականի ապրիլի 28-ի թիվ 1999/67 բանաձև՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
  • 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 2001/66 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
  • 2003 թվականի ապրիլի 24-ի թիվ 2003/66 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
  • 2005 թվականի ապրիլի 20-ի թիվ 2005/62 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»:

Հետագայում ՄԱԿ-ում կատարված կառուցվածքային վերափոխումների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի, և Հայաստանը 2008 թվականին ներկայացրեց բանաձև արդեն այդ շրջանակում:

Այդ տարվանից սկսած ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը բովանդակային լուրջ փոփոխության ենթարկվեցին, մասնավորապես, 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում դրված բանաձևը ներկայացրեց կանխարգելման կոնցեպցիան, առաջ քաշելով պետությունների պատասխանատվության հարցը: Բանաձևին համահեղինակեցին 61 պետություն:

Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունված բանաձևերն ըստ տարեթվերի.

  • 2008 թվականի մարտի 28-ի թիվ 7/25 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
  • 2013 թվականի մարտի 22-ի թիվ 22/22 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
  • 2015 թվականի մարտի 27-ի թիվ 28/34 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
  • 2018 թվականի մարտի 23-ի թիվ 37/26 «Ցեղասպանության կանխարգելում»բանաձև;

2013 թվականի բանաձևի տեքստը ենթարկվեց զգալի փոփոխությունների, միևնույն ժամանակ պահպանելով հարցի վերաբերյալ հիմնական մոտեցումները` կանխարգելում, պաշտպանություն և պատժի սահմանում կատարված հանցագործության համար:

Տեքստային նորամուծություններից շատերը զգալիորեն հարստացրեցին և արդիականացրեցին բանաձևը: Դրանց թվում կարելի է նշել հետևյալները.

  • Ճշմարտության իրավունքի սկզբունքի ներառում, ինչը ենթադրում է ճշմարտության ներկայացում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ:
  • ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակում ցեղասպանության կանխարգելման խնդրի բարձրացում;
  • Ցեղասպանության կրթությանը վերաբերող հարցերի խթանում;
  • Ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի սահմանում;
  • Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով համագործակցության հաստատում:

Արդյունքում, բանաձևը համահեղինակեցին ՄԱԿ-ի 60 պետություն:

Հաջորդիվ «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացվեց 2015 թվականին: 2013 թվականին ՀՀ կողմից առաջադրած և կոնսենսուսով ընդունված բանաձևը հիմք հանդիսացավ, որպեսզի նշված տեքստը նորացված և արդիականացված տեսքով առաջադրվի արդեն 2015 թվականին։ Այս անգամ ևս բանաձևի տեքստում եղան շատ կարևոր նորամուծություններ, որոնք զգալի հետք թողեցին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման քաղաքականության մշակման և իրականացման վրա: Նշված նորամուծություններից են, մասնավորապես՝

  • Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման անհրաժեշտությունը;
  • Դատապարտում է ժխտողականության քաղաքականությունը` դիտարկելով ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցանք, ցույց տալով պատճառահետևանքային կապն անպատժելիության և ժխտողականության միջև, ինչը դառնալով պետության քաղաքականության մաս ի վերջո խոչընդոտում է ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացը;
  • Առաջարկում է Գլխավոր ասամբլեային դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր;
  • Մշակել ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների ցանկ և այլն:

2015 թվականի բանաձևը ևս ընդունվեց առանց քվեարկության և այն համահեղինակեցին 72 պետություն:

2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Նշված բանաձևը համահեղինակեցին 84 պետություն:

«Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ամենաթարմ բանաձևն ընդունվել է 2018 թվականի մարտին` 64 երկրների համահեղինակությամբ: Քանի որ 2018 թվականին լրանում էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը, ապա բանաձևի տեքստում անդրադարձ է արվել այս կարևոր տարեդարձին: Հենց այս կարևոր իրադարձությունը հաշվի առնելով է նաև Հայաստանն առաջարկել 2018 թվականի սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպել Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում: Քննարկմանը բացման խոսքով ելույթ ունեցան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բարձրաստիճան քննարկման հետաքրքրական ելույթներից էր հայտնի ցեղասպանագետ Ուիլյամ Շաբասի ելույթը, որում նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը:

Print Friendly, PDF & Email