Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ողջույնի ուղերձը

02.12.2018

Հարգելի՛ այցելուներ,

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որով հստակորեն ամրագրվեց միջազգային հանրության հանձնառությունն այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ:

Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

Հայաստանը հետևողականորեն աշխատել է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։

Ցեղասպանության կանխարգելման օրակարգի վերաբերյալ Հայաստանի կողմից նախաձեռնված բազմաթիվ բանաձևերն իրենց ներդրումն են ունեցել այդ օրակարգի շուրջ միջազգային ջանքերի համադրման առումով: 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը:

Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Եվ հենց դա է հանդիսանում այս կայքի հիմնական նպատակը՝ իրազեկելու լայն հասարակությանը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ գործադրված ջանքերի և միջազգային հանրության միասնական գործողությունների մասին, ձեզ, այցելուներիդ, դարձնելու ցեղասպանությունների վաղ կանխարգելման առաջնային օղակներից մեկը: 

Ուստի բարի գալուստ Հայաստանի՝ Ցեղասպանության կանխարգելման օրակարգին նվիրված կայք, որով ընդգծում եք Ձեր վճռականությունն «այլևս երբեքի» մեկընդմիշտ ամրագրմանը:

Print Friendly, PDF & Email